« Ինչու՞ Նարինե Կռոյանը իրեն երջանիկ մարդ չի համարում »

Նարինե Կռոյանը ծնվել է ՀԽՍՀ Կիրովական քաղաքում ։ 1978թ. գերազանցությամբ ավարտել է Կիրովականի Վահան Տերյանի (թիվ 5) միջնակարգ դպրոցը՝ զուգահեռաբար ավարտելով նաև Շարա Տալյանի անվան (թիվ 2) երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը՝ ստանալով կառավարման կազմակերպման գծով ճարտարագետ — տնտեսագետի որակավորում : Աշխատել է Վանաձորի պետական մանկավարժական և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտներում («Վանաձոր» մասնաճյուղ), այժմ դասավանդում է Լոռու տարածաշրջանային պետական քոլեջում : ՀԳՄ անդամ է 2012 թվականից :

1.Առաջին անգամ ե՞րբ եք ստեղծագործել :
— 5 տարեկան էի, հանգավոր մի քառատող էի հորինել: Գրել չգիտեի, ու հարազատներս գրի առան: Էստեղ-էնտեղ կարդում էին, պարծենում :

2.Ունենալով մի շարք մասնագիտություններ . երաժշտական, ճարտարագետ — տնտեսագետ: Ինչու՞ որոշեցիք զբաղվել գրականությամբ :
-Չեմ սիրում այդ արտահայտությունը` «զբաղվել գրականությամբ»: Եթե նման տրամաբանությամբ առաջնորդվեմ, ապա, թերևս, եկավ ժամանակ, երբ գրականությունն` ինքը որոշեց ինձնով զբաղվել : Գրականությունը, կյանքի մեջ մնալով` նրանից փախչելու, այն բացատրելու, արդարացնելու կամ դատապարտելու, մերժելու իմ տարբերակն է : Այդպես թաքնվեցի 5 գրքի ետևում, որոնք ներառել են իմ արձակ գործերը` պատմվածքներ և վիպակներ : Ես նաև տնտեսագետ եմ` տնտեսագիտության թեկնածու, և սիրում եմ իմ մասնագիտությունը, դասավանդում եմ և ուզում եմ որ երկիրս բնակչի փոխարեն տնտեսապես գրագետ քաղաքացիներ ունենա :

3.Ինչու ՞ որոշեցիք գրել պոեզիա:
— Նման որոշում, կարծում եմ, չեն կայացնում : Պոեզիան գալիս ու լցնում է ներսդ : Պիտի բաց թողնես, ազատություն տաս : Բոլոր վանդակները սպանում են: Բանաստեղծությունների ժողովածու դեռևս չեմ համարձավում հրատարակել :

4.Ձեր կարծիքով պոեզիան պահանջարկ ունի :
— Պոեզիան ապրանք չէ : Այն պահանջարկ-առաջարկի հետ առնչվել չի կարող : Պոեզիան վիճակ է, ինչպես հայտնի ֆիզիկական վիճակներն են` պինդ, հեղուկ, գազային : Պոեզիան չորrորդն է` պլազմայի նման` շոյող, այրող, աննյութական : Նրա համն իմացողները քիչ են , սակայն կան :

5.Ձեր առաջին քննադատը ո՞վ է:
— Չասեմ` քննադատը, սակայն ում կարծիքն ինձ համար իսկապես կարևոր է, իմ լավ ընկերներից մեկն է : Ես գնահատում եմ նրա խոսքը, որովհետև անկեղծ է և օբյեկտիվ` առանց սեթևեթությունների ու զիջումների :

6.Ինչպիսի՞ միջավայրում եք սիրում ստեղծագործել :
— Միջավայրն ինձ համար էական նշանակություն չունի: Եթե գրելու բան կա, կգրեմ` անկախ տեղից և ժամանակից : Գրելու համար գրչի առկայությունը պարտադիր չէ: Ամեն բան իսկզբանե գլխում է գրվում: Կարևորը աշխարհընկալման իմ մտավոր և հոգեբանական վիճակն է, որը սուբյեկտիվ և յուրօրինակ արձագանք է այս կամ այն միջավայրի այս կամ այն իրողությանը:

7.Ի՞նչպես եք վերաբերվում քնադատություններին:
— Տարբեր: Դրանք միշտ սուբյեկտիվ են, քանի որ յուրաքանչյուրն իր կերպ, իր չափով է ընկալում այն, ինչ իմն է : Բնական է, որ ոմանց դուր կգա իմ խոսքը, ոմանք էլ այն տանել չեն կարողանա : Ես որևէ մեկին դուր գալու խնդիր իմ առջև երբևէ չեմ դրել, որովհետև դա ինքնության, անհատականության կորուստ է: Ես այնպիսին եմ, ինչպիսին եմ:

8.Երևանում կա՞ մի վայր, որ սիրում եք լինել :
— Ես լոռեցի եմ` ղարաքիլիսեցի, ապրում եմ Վանաձորում: Իմ քաղաքն իմ սերն է: Ցավոք, այսօր կեղտոտ, անխնամ, ասես անտեր է իմ հիվանդ քաղաքը:

9.Ի՞նչը կարող է Ձեզ զայրացնել:
— Անարդարությունը, անտարբերությունը, արժեհամակարգի, արժանապատվության բացակայությունը, ամենաթողությունը, նախանձը, սրտրկամտությունը… Այս ամենի մեջ ինչ-որ կենդանական բան կա: Մարդ-բանականից, հոգեվորից, ասես, բան չկա: Ցավալի է:

10.Համարու՞մ եք Ձեզ երջանիկ մարդ:
— Չէ, դեռ չէ : Այս աշխարհում, ուր բերնեբերան ցավ ու չլավացող վերք կա, մի±թե կարելի է երջանիկ լինել : Առնվազն` խելագար կամ երանելի պիտի լինեմ : Երևի դեռ չէ:

Թամարա Հակոբյան

Թողնել մեկնաբանություն